Եվրամիությունում Հունաստանի նախագահությունը հիմնականում ուղղված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների վերացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Հունաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը:
Նրա խոսքով՝ մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվել Եվրոպայում եւ հատկապես Հարավային Եվրոպայում գործազրկության դեմ պայքարի փորձերն ավելի արդյունավետ դարձնել: «Մենք միջոցներ ենք ձեռնարկել եվրոպական երկրների տնտեսական վերականգնման համար: Բացի այդ, Հունաստանն ավելի կարեւոր ուղղություններ ունի, ինչպես օրինակ, Եվրոպական միության համար ընդհանուր ծովային քաղաքականություն, քանի որ Հունաստանը ծովային երկիր է, եւ դա շատ կարեւոր է ծովային բիզնեսի համար»,- նշել է Իոաննիս Տաղիսը՝ հավելելով, որ նախագահության վեց ամսվա ընթացքում Հունաստանը փորձել է համախմբել կազմակերպության ծովային քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի հունվարի 1-ից հունիսի 30-ը ԵՄ նախագահությունը կես տարով անցել է Հունաստանին: Հաջորդ 6 ամսում ԵՄ նախագահությունը կանցնի Իտալիային:




























