Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բարեկամական կապը մեծ ազդեցություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած քաղաքական որոշումների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե «բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ»: 

«Երկիրը փոքր է եւ երկու բարեկամ կարող են հանդես գալ հակառակ ճամբարներում: Տեսականորեն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն արդարացի է, սակայն գործնականորեն բարեկամական կապերը կարեւոր են եւ դրանք ազդում են ԲՀԿ-ի որոշումների վրա: Եթե այդպես չլիներ, ապա Բարգավաճը չէր սպասի կառավարության ծրագրին եւ չէր փոխի իր կոշտ դիրքորոշումը կառավարության մասին, այն դիրքորոշումը, որն ուներ Տիգրան Սարգսյանի մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ՝ Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ այս հայտարարությամբ ապացուցվեց, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում ամբողջական իշխանափոխություն պահանջել:

«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է այն, ինչի մասին 2013թ.-ին խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանը, այն որ 2013թ.-ի ընտրություններին չմասնակցած ուժերն իրենց հաշվարկներն արել են 2018թ.-ի համար, դրա համար հիմա ջուրը չեն մտնում: Բացի դրանից երբ Սերժ Սարգսյանը խոսեց խորհրդարանական մոդելին անցնելու մասին, ԲՀԿ-ն դեմ արտահայտվեց, եւ դա ցույց տվեց, որ իր ռազմավարությունը կառուցված է այս կառավարման համակարգի համար»,- ավելացրեց նա:

Նշենք, որ մայիսի 16-ին «Կենտրոն» հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդը մասնավորապես ասել էր. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն. տեսնենք ինչ  ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին եւ խոստումներին: Տեսնենք ինչ են անում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանա: Իմ ամենամոտ բարեկամը ժողովուրդն է: Ես իմ սկզբունքները եւ արժանապատվությունը երբեք չեմ զիջելու»: