Թաիլանդի բանակը հայտարարել է երկրում պատերազմական դրություն կիրառելու մասին: Պետական հեռուստատեսությամբ հրամանատարության հեռարձակված ուղերձում նշվում է, որ խոսքը ռազմական հեղաշրջման կամ կառավարության տապալման մասին չէ, այլ  միայն քաղաքական ճգնաժամի պայմաններում օրենքը եւ կարգուկանոնը պահպանելու համար բանակին մեծ լիազորություններ  փոխանցելու մասին:

Կառավարությունում նշում են, որ իրենց պատերազմական դրություն կիրառելու մասին չեն զգուշացրել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թաիլանդում ռազմական հեղաշրջումները նորություն չեն, վերջինը տեղի էր ունեցել 2006թ., երբ բանակը պաշտոնանկ էր արել Թաքսին Չինավատի կառավարությանը:

Աս տարվա մայիսին դատարանը վճռել էր պաշտոնանկ անել կառավարության նախկին ղեկավար Յինգլակ Չինավատին` պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով:

Անցյալ շաբաթ ցուցարարները  խափանել էին նոր վարչապետ Նիվաթհամրոնգ Բունսոնգպհայսանի եւ ԿԸՀ-ի անդամների բանակցությունները` կայանալիք ընտրությունների շուրջ: 

Մինչ այդ մի քանի մարդ զոհվել էր Բանգկոկում ցուցարարների ճամբարի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: