Ուկրաինայում նախագահական ընտրությունների արժեքն ու լեգիտիմությունը կասկածելի է, քանի որ ոչ բոլոր քաղաքացիները կմասնակցեն քվեարկությանը, բայց ընտրությունները ստեղծված իրավիճակում ինչ-որ հանգուցալուծում կդառնան,  Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մի կողմից, եթե օրենքի, իրավաբանության տեսանկյունից դիտենք, կհասկանանք, որ այդ ընտրությունները  հակասահմանադրական իշխանափոխության արդյունքն են: Դուք գիտեք ՌԴ-ի դիրքորոշումը. նախագահ Վիկտոր Յանուկովիչին ոչ ոք իշխանությունից չի զրկել, անվստահություն չի հայտնել, նա ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Բայց մենք հասկանում ենք, որ կա օրինական ընտրված խորհրդարան, այդ պատճառով ընտրությունները այդ դեպքերի  անմիջական արդյունքն են», - ասել է  Մեդվեդեւը:

«Խնդիրն այն է, որ մարզերի մի մասը պարզապես չի ցանկանում մասնակցել դրան... Եվ այս պարագայում այդ ընտրությունների  արժեքն ու լեգիտիմությունը կասկածելի է», - հավելել է ՌԴ վարչապետը:

Մայիսի 25-ին նշանակված ընտրությունների արդյունքում մարդկանց մի մասը կողմ կքվեարկի այս կամ այն թեկնածուին, սակայն դա ճանաչման ակտ չի հանդիսանում, նկատել է Մեդվեդեւը: