Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղյակ չէր, որ Կապանի ոստիկանապետ Վարդան Գեւորգյանին աշխատանքից ազատել են: NEWS.am-ի հետ զրույցում նախկին մարզպետն ընդգծեց, որ ինքը գիշերային ակումբ չունի, իսկ իր թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն էլ ծեծկռտուքի մասնակից չի եղել:

«Ես տեղյակ էլ չէի, որ Կապանի ոստիկանապետն աշխատանքից ազատվել ա, մամուլը շատ բան ա գրում, ես գիշերային ակումբ չունեմ»,- ասաց նա:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր՝ մայիսի 20-ին, գրել էր. «Կապանի ոստիկանապետ Վարդան Գեւորգյանի աշխատանքից ազատվելու պատճառը ըստ շրջանառվող լուրերի՝ դա կապված է մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող նորաբաց «ստրիպտիզանոցում» վերջինիս թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ»։