Երեւանում սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումներ են ընթանում: Լսումները կազմակերպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը: Լսումների նպատակը հանրությանն իրազեկելն ու սահմանադրական բարեփոխումների գործընթացում առավել ակտիվ մասնակցության մղելն է: Լսումները տեղի են ունենում «Անի պլազայում», հաջորդ լսումները եւս կկայանան այնտեղ՝ մայիսի 21-ին եւ 29-ին:

Լսումների սկզբում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, պատճառները, թե ինչու են անհրաժեշտ այդ բարեփոխումները:

Գագիկ Հարությունյանը անդրադարձել է իրավունքների իրացման հետ կապված վիճակին, հանրային հաշվետվության եւ իրավական վեճերի կարգավորման ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությանը:

Քաղաքական հարցերն անհրաժեշտ է լուծել իրավական դաշտում, ոչ թե իրավականները՝ քաղաքականում, ընդգծել է ՍԴ նախագահը՝ հիշեցնելով, որ ժողովրդավար պետությունը պետք է այդ ճանապարհով ընթանա:

Նա նաեւ անդրադարձել է արդարադատության համակարգին՝ հիշեցնելով, որ այն պետք է լինի անկախ եւ անկողմնակալ: Նշվել է նաեւ հանրագրերի (պետիցիայի) ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Խոսքն այն  մասին է, որ պետական մարմինը պետք է ընթացք տա քաղաքացիների խմբի դիմումներին:

Գագիկ Հարությունյանը նաեւ օրինակներ է բերել, երբ ՍԴ որոշումներն ու օրենսդրությունն իրար հակասում են: Ավելին, հիմնական օրենքի դրույթների մի մասը որպես բարեմաղթանք է մնում: Արդյունքում օրենքների կամայական մեկնաբանման հնարավորություն է ստեղծվում:  «Եթե հարցերը հիմա չլուծվեն, բացասական միտումները պարբերական բնույթ կունենան», -ընդգծել է Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքը պարտավորությունների կատարման մասին չէ, այլ ժողովրդավար պետության ստեղծման»: