Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանն այսօր՝ մայիսի 20-ին, ինքնաբացարկ է ներկայացրել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց թիվ 37 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:
«Ընդամենը 10 րոպե առաջ է դիմում ներկայացրել, մենք նիստ ենք հրավիրելու եւ դիմումն ուժի մեջ ճանաչենք»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով՝ Արա Բուդաղյանը հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց՝ այս կերպ աջակցելով իր մտերիմ ընկերոջը՝ Տիգրան Կարապետյանին:
Նշենք, որ ընտրությունները նշանակված են հունիսի 8-ին, վաղվանից սկսվում է նախընտրական քարոզարշավը:
Ավելի վաղ NEWS,am-ը հայտնել էր, որ թեկնածուները չորսն են. Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի մասնաճյուղի տնօրենն է:




























