Լիբիայի հատուկ նշանակության զորքերը ապստամբ գեներալ Հալիֆա Հաֆթարի կողմն են անցել:
Հիշյալ հայտարարությունը ԶՈւ հատուկ նշանակության զորաջոկատի հրամանատար գնդապետ Վաննիս Բոհմադան է հնչեցրել: Նրա խոսքով, ընդունված որոշման պատճառը երկրում տիրող քաղաքական քաոսն է, հաղորդում է Polit.ru-ն:
Հատուկ նշանակության զորքերի սպաներն ու զինվորները զենքի ուժը կկիրառեն յուրաքանչյուրի նկատմամբ, ով կփորձի ժողովրդի ու երկրի համար սպառնալիք դառնալ, հայտարարել է Բոհմադան:
Ավելի վաղ ապստամբ գեներալի վերահսկողության տակ գտնվող ուժերը Լիբիայի խորհրդարանի շենքն էին գրավել: Մայիսի 16-ին Հաֆթարի կողմնակիցները խոշոր նավթարտահանման կենտրոն համարվող Բենգազիում կառավարության կողմնակիցների ուղղությամբ հարձակում էին նախաձեռնել: Մարտական գործողությունների արդյունքում զոհվել էր 79 մարդ, շուրջ 140-ը` վիրավորվել: Այնուհետեւ ընդհարումների ալիքը դեպի մայրաքաղաք` Տրիպոլի էր տարածվել:
Գեներալ Հալիֆա Հաֆթարը խոստացել է «մաքրել Բենգազին ահաբեկիչներից»: Լիբիայի իշխանություններն, իրենց հերթին, Բենգազիում տեղի ունեցած ընդհարումները Հաֆթարի կողմնակիցների` ռազմական ավիացիայի կիրառմամբ «պետական հեղաշրջման» փորձ են որակել:





























