Ուկրաինան պետք է արագ բարեփոխումներ նախաձեռնի` հանցագործությունների եւ կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու նպատակով: Այս տեսակետը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է հայտնել, Լեհական ռադիոյին վկայակոչելով հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:

«Ինչու՞ է Պուտինը Դոնեցկում հաջողություններ գրանցում: Որովհետեւ այնտեղ բարձր է հանցագործությունների եւ կոռուպցիայի մակարդակը: Ինչպես որ Ղրիմում էր», - նկատել է նախկին նախագահը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ, համաձայն հասարակական կարծիքի ուսումնասիրությունների, ուկրաինացիների մեծամասությունը կողմ են երկրի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրմանը:

«Ուկրաինացիների գիտակցությունը փոխվում է: Սակայն նույն մակարդակին են մնում հանցագործություններն ու կոռուպցիան», - հավելել է Միխայիլ Սահակաշվիլին:

Քաղաքական գործչի համոզմամբ, Ուկրաինան կազմակերպման, վերազինման եւ բարեփոխման կարիք ունի: «Եվ այդ ժամանակ Ռուսաստանն այդ երկրում մանեւրերի համար ավելի փոքր դաշտ կունենա», - ասել է նա: