Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահի ընտրության նպատակով կազմակերպվելիք գաղտնի խորհրդարանական քվեարկությունը ժամը 13:30-ից 14:30-ը տեղի կունենա: Այս մասին մայիսի 20-ին հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

ԿԲ-ի ղեկավարի թեկնածուն, Ավետիսյանի հաղորդմամբ, կառույցի ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանն է: Նրա թեկնածությունը Հայաստանի նախագահն է առաջադրել: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը նրա օգտին կքվեարկի: Խորհրդարանական քառյակի անդամները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ ՕԵԿ պատգամավորներն իրենց դիրքորոշումն ազատ ռեժիմով կհայտնեն:

Հիշեցնենք, որ համաձայն Սահմանադրության, Կենտրոնական Բանկի նախագահը երկրի նախագահի առաջադրմամբ եւ խորհրդարանի հաստատմամբ ընդամենը 6 տարով է ընտրվում, եւ ոչ ավելի, քան անընդմեջ երկու անգամ: Սա Ջավադյանի երկրորդ պաշտոնավարումը կլինի: