ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորնը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) տարածաշրջանային այցի ամփոփիչ հայտարարությամբ են հանդես եկել:
Համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, Ֆրանսիան ներկայացնող ապագա համանախահի` Պիեռ Անդրիոյի ուղեկցությամբ, տարածաշրջանում մայիսի 16-ից 19-ն էին գտնվում:
«Այցի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղում, Քելբաջարում եւ Լաչինում տիրող իրադրության ուսումնասիրությունն էր: Համանախագահներն այնտեղ ենթակառուցվածքային բարենորոգման նախանշաններ են տեսել, բայց ոչ վկայություն այն բանի, որ վերջին տարիներին բնակչության թվաքանակի փոփոխություն է եղել», - ասվում է հայտարարության մեջ:
Միջնորդները նաեւ Սարսանդի ջրամբար են այցելել եւ օբյեկտի ղեկավարության հետ դրա կարգավիճակին եւ շահագործմանը վերաբերող հարցեր քննարկել` հույս հայտնելով, որ կողմերը, ի շահ տարածաշրջանի, կարող են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ համաձայնության հասնել:
Մայիսի 19-ին համանախագահները Տերտերի հատվածում անցել են հակամարտության շփման գիծը: Նրանք ցավով են արձանագրել, որ հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներ եւ դրանց արդյունքում` զոհեր են գրանցվում, նշելով, որ հիշյալ դեպքերի ուսումնասիրման մեխանիզմների բացակայության արդյունքում կողմերին պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդելու հնարավորություն է ընձեռնվում:
«Այցի ընթացքում համանախագահները հարգանքի այցեր են կատարել Երեւան եւ Բաքու եւ պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի եւ Քելբաջարի դե-ֆակտո իշխանությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպել, որոնց ընթացքում դիվանագետները խաղաղ գործընթացի սկզբունքներն են քննարկել`ընդգծելով, որ կայուն կարգավորման հիմքում 2009-13թթ. համանախագահող երկրների նախագահների կողմից հնչեցված տարրերն են ընկած»,- ասվում է հայտարարության մեջ:





























