Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ «Արխիվային գործը Ռուսաստանում եւ Հայաստանում արդի փուլում» խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով:  Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Ամատունի Վիրաբյանը:

Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե անդրադարձ եղավ Հայաստանի եւ ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց երկու երկրների արիվային ծառայությունների միջեւ գործընկերային կապերի հաստատման գործընթացը եւ այն ընդլայնելու պատրաստակամությունը:

Փոխվարչապետը  գոհունակությամբ նշեց, որ համագործակցությունը վերջին տարիներին  ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ  շփումների, համատեղ ցուցահանդեսների, այնպես էլ գործակցության նոր նախաձեռնությունների միջոցով: 

Կարեւորվեց փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը` հանրային հետաքրքրություն ներկայացնող  արխիվային  փաստաթղթերի թեմատիկ համատեղ ցուցահանդեսների անցկացման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկեցին արխիվային  գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների  եւ մոտեցումների կիրառման անհրաժեշտությանը, էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանը, արխիվային  փաստաթղթերի թվայնացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ եղավ  «ՀՀ-ում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգ»-ով  Հայաստանի ազգային արխիվում նախատեսվող բարեփոխումներին:  

Կողմերը կարեւորեցին այս աշխատանքների ընթացքում փորձի փոխանակման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել փոխգործակցությունը: