Հյուսիսային պողոտայի վերակառուցման գործընթացը, որը մեկնարկել էր 2013 թ հոկտեմբերի վերջին եւ ժամանակավորապես ընդհատվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով, կրկին վերսկսվել է: Արդեն իսկ հայտնի է՝ վերակառուցման համատեքստում Հյուսիսային պողոտայում համալիր փոփոխություններ կիրականացվեն:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հատակի սալիկապատման՝ Հյուսիսային պողոտայի բետոնե ծածկը գրանիտե բազմագույն սալաքարերով փոխարինելու գործընթացը, որ 2013 սկսվել էր, այսօր շարունակվում է: Սալիկապատման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Վերջերս կատարված շրջայցի ընթացքում /փետրվարի 22-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր տեղակալների՝ Կամո Արեյան, Դավիթ Օհանյան, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան, կառուցապատողի, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել Հյուսիսային պողոտայի աշխատանքային տեղամասերում: Շրջայցի ընթացքում, որին մասնակցել է նաեւ Ճարտպետկոմի նախագահ եւ Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, քննարկվել են Հյուսիսային պողոտայի վերակառուցմանը վերաբերող հիմնական խնդիրները/ գեղարվեստական սալիկապատման 3 տարբերակներից բոլորի համաձայնությամբ արդեն իսկ մեկն ընտրվել է: Շրջայցի ընթացքում Երեւանի քաղաքապետին ներկայացվեց, որ սալիկապատման ընթացքում նոր նյութերի եւ տեխնոլոգիաների շնորհիվ պողոտան հնարավոր կլինի շուրջ 4-5 տասնամյակ օգտագործել:
Ընդհանուր առմամբ, որպես Հյուսիսային պողոտայի վերակառուցման վերջնաժամկետ նախանշվում է օգոստոս ամիսը:
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նպատակը պողոտայի արտաքին տեսքն ավարտին հասցնելն է: 2006-07 թվականներին, որպես ժամանակավոր լուծում այն պատվել էր գունավոր բետոնով, իսկ սալիկապատումը հետաձգվել էր մինչեւ Հյուսիսային պողոտայի ամբողջական շահագործումը / մինչ օրս պողոտայի լուսավորության, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատ եւ ծաղկապատ հատվածների, ջրային լուծումների հարցը լուծված չէ, եւ դրանք նույնպես ներկա փուլում պիտի իրականացվեն/: Ընդհանուր առմամբ Հյուսիսային պողոտայում սալիկապատման ենթակա է մեկ հեկտար (10 հազար քմ) տարածք:
Հյուսիսային պողոտայի սալահատակի վերակառուցմամբ զբաղվում է «Դալմա Շին» ՍՊ ընկերությունը, ներդնող ընկերությունն է «Տաշիր Գրուպ»-ը: Վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 5/հինգ/ միլլիոն դոլլար:
Հյուսիսային պողոտայի վերակառուցումը դիտարկելով Երեւանի քաղաքապետարան-մասնավոր սեկտոր համագործակցության լավ օրինակ, շեշտենք, որ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից Հյուսիսային պողոտայի վերակառուցմանը ֆինանսական միջոցներ չեն ուղղվելու:
Վերակառուցման ընթացքում զգալի չափով, ավելի քան՝ 4 անգամ կավելանան Հյուսիսային պողոտայի կանաչ հատվածները:





























