ԱՄՆ-ը եւ Եվրոպան իրենց թեթեւ ձեռքով միջազգային իրավունքը վերածել են կոալիցիոն իրավունքի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ հիմա թիվ մեկ խնդիրն այն է, որ իրավունքի ուժը բացառի ուժի իրավունքը: «Սկզբունքային առումով դա պետք է արտահայտվի մեխանիզմների մշակմամբ, որոնք կբացառեն ուժի իրավունքը: Առայժմ գերտերությունները փորձում են տարածել ժողովրդավարության իրենց ըմբռնումը, եւ ստացվում են աղետներ»,-ասել է փորձագետը:
Որպես միջազգային իրավունն արհամարհելու վառ օրինակ Այվազյանը բերել է Ուկրաինայի օրինակը: «Մայդանի ակտիվիստները տապալեցին սահմանադրական կարգը: Ի՞նչ է դա նշանակում: Մի քանի ակտիվիստներ չեղյալ են հայտարարում սահմանադրությունն ու հայտարարում, որ գործում են Մայդանի իրավունքի հարթությունում: Եվ Մայդանի մի քանի ներկայացուցիչների հռչկած իրավունքը ճանաչվում է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից: Իսկ երբ Ղրիմում ժողովուրդը փորձում է արտահայտել իր ինքնորոշման իրավունքը, այստեղ նա չի ընկալվում որպես ժողովուրդ, եւ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշել է Այվազյանը: Նրա խոսքով՝ սա դասական օրինակ է, թե ինչպես մի քանի ակտիվիստներ կարող են ոչնչացնել օրենքի գերիշխանությունը, սահմանել սեփական կանոնները եւ ստանալ լեգիտիմություն միջազգային հանրության կողմից:





























