Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին, որը 12 օր է՝ կարել է բերանը, մայիսի 20-ին այցելել է փաստաբան Վաղինակ Գեւորգյանը, սակայն չի կարողացել համոզել նրան հետ կանգնել այդ քայլից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 20-ամյա Դավիթի մյուս փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը:

«Ճնշումը 60/70 է, թույլ է շատ, հրաժարվել է բերանը քանդել, շատ քիչ քանակությամբ ջուր է խմում միայն: Գեւորգյանն էլ է փորձել համոզել, հարազատներն էլ են փորձում, բայց ապարդյուն: Այս վիճակին կաթիլային էլ չեն միացնում: Վիճակն իսկապես մտահոգիչ է, չգիտենք, թե ինչ կլինի»,- ասաց նա:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանն այս կերպ իր բողոքն է արտահայտում մայիսի 8-ին մեղադրողի առաջարկած 18 տարվա ազատազրկման դատապարտելուն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: