Գորիսի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Արա Բուդաղյանը, որը մայիսի 20-ին, ինքնաբացարկ էր ներկայացրել, արդեն փոշմանել է կատարած քայլի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանը:

«Փոշմանել եմ, որ ինքնաբացարկ եմ ներկայացրել: Ես դա արել եմ ընկերոջս՝ Տիգրան Կարապետյանի համար, սակայն ինքն էլ չգիտես ինչի ինքնաբացարկ ներկայացրեց: Իր հետ դեռ այս թեմայով չեմ խոսել»,- ասաց նա:

Մեր հարցին՝ հնարավոր է ինքը սատարի մնացած երկու թեկնածուներից որեւէ մեկին՝ Բուդաղյանը պատասխանեց. «Վաչագան Ադուցնի պարագայում անհնար է, նման բան չի կարող լինել, իսկ Հրայր Յոլյանի դեպքում ոչինչ բացառել պետք չէ, ամեն ինչ էլ հնարավոր է»:

Չնայած Գորիսի քաղաքապետի ընտրություններին հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն, Արա Բուդաղյանը համոզված է, որ այս ընտրություններով ինչ-որ բան դեպի դրականը փոխվելու է Գորիսում:

Նշենք, որ Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը ինքնաբացարկ են ներկայացրել մայիսի 20-ին: Մամուլում լուրեր են պտտվում, որ Տիգրան Կարապետյանը նման անսպասելի քայլի դիմեց, քանի որ ճնշումներ կային ՀՀԿ-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թեկնածուները չորսն են. Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի տեղամասի պետն է: