Ամերիկացիները ղարաբաղյան խնդրի կապակցությամբ որոշակի խաղ են նախաձեռնել. խաղը բավական պարզ է, սակայն հարցն այն է, թե Եվրամիությունն ու Ռուսաստանը կխաղան այդ կանոններով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի վերջին ելույթներն ընդդեմ ԱՄՆ-ի:

Նրա խոսքով՝ մի կողմից ԱՄՆ-ը «մտրակ» է ցույց տալիս Ադրբեջանին, այսինքն հանդիմանում մարդու իրավունքների խախտման համար, մյուս կողմից «քաղցրաբլիթ»՝ ի դեմս ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, երբ նա շեշտը դրեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու վրա: «Այն, որ շեշտադրումն հենց այդպիսին էր, նկատվեց Ադրբեջանում: Այժմ Բաքուն փորձում է բարձրացնել խաղադրույքները եւ ցույց տալ, որ իրեն ամերիկացիներից ավելին է հարկավոր, որ կհամաձայնեն խաղի կանոններով խաղալ այն ժամանակ, երբ նրանք ավելին անեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում»,- նշել է Ալեքսանդր Սկակովը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացիները միայնակ չեն:

Քաղաքագետը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր ամերիկյան կողմի հայտարարության նրբություններին: «Որեւէ արձագանք չեղավ. ընդհակառակը, Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը մյուս համանախագահները պաշտպանեցին: Սա, իհարկե, լավ չէ, քանի որ կարելի էր նշել՝ նրբությունները փոխվել են, բայց մենք գերադասեցինք «կռիվը տան պատերից դուրս չհանել»,- եզրափակել է Ալեքսանդր Սկակովը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ համանախագահները Բաքվում չեն հանդիպել երկրի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Իլհամ Ալիեւն ու Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով Վիետնամում եւ Չինաստանում են: