«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մայիսի 20-ի հանդիպումը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դուր չի գա. նա կարող է խանդի տեսարաններ սարքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երկու առաջնորդների հանդիպմանը:
«Այս հանդիպումով ընդգծվում է այս երկու դեմքերի՝ առաջին նախագահի, որը սիմվոլիկ ֆիգուր է, եւ Գագիկ Ծառուկյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ հայկական Իվանիշվիլիի դերակատարումը այս քառյակի ձեւաչափում, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է խանդել: Իհարկե, սա չի նշանակում, որ քառյակն այլեւս անցյալում է»,- ասաց նա:
Քաղաքագետի համոզմամբ՝ երկու առաջնորդները հանդիպել են, որպեսզի որոշակի «մեսիջներ» ուղարկեն բողոքավոր հասարակությանը:
«Երկու առաջնորդը որոշել են ազդանշաններ ուղարկել հասարակությանը, թե իրենք տրամադրված են գործելու միասնաբար, եւ ես կարծում եմ, որ այստեղ հանդիպումը պետք է ցույց տար, որ խնամիության հանգամանքը, որի հետ, ինչ խոսք, ՀՀԿ-ն մեծ հույսեր է կապում, ամենեւին էլ չի սահմանափակելու ԲՀԿ-ի համագործակցությունը քառյակի հետ, մասնավորապես, արմատական դիրքերից ներկայացնող ՀԱԿ-ի հետ: Հենց դրա համար են հանդիպել առաջնորդները»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս հանդիպման վերաբերյալ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը տարածել են համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր»:




























