«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի համար 915 համայնքներ ունենալը մեծ ճոխություն է՝ եւ վարչական, եւ ծախսերի առումներով։ Ըստ նրա՝ Հայաստանում ամենաշատը պետք է լինի 300 համայնք։
«ՉԻ» - Հովիկ Աբրահամյանն, իհարկե, իրավացի է. պետք է խոշորացում կատարել։ Ճիշտ է, արդյունքում մի քանի տասնյակ գյուղեր կվերանան, բայց դե հիմա... Եվ ընդհանրապես՝ Հայաստանի համար 500 հազար թոշակառու ունենալն էլ է շքեղություն. եւ վարչական առումով, եւ ծախսերի։ Հերիք չի այդքան մարդու թոշակ ենք տալս, դեռ մի բան էլ դժգոհում ենք, թե քիչ է։ 360 հազար աշակերտ ունենալու մասին ընդհանրապես չենք խոսում՝ դա տնաքանդություն է։ Այդքան մարդու հաշվով դպրոցներին գումարներ են փոխանցվում, ուսուցիչներին աշխատավարձ է տրվում եւ այլն։
Մի խոսքով՝ ամբողջ Հայաստանը պիտի խոշորացնել։ Դարձնել մի համայնք։ Ընդամենը վեց հաստիքով. համայնքի պետ (նախագահ), տեղակալ (վարչապետ), քարտուղար (ԱԺ նախագահ) եւ այս երեքի «ախռանի պետերը»։ Բյուջեից ահագին գումարներ կխնայվեն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























