ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ծիծաղելի է համարում ԱՄՆ-ին վնասելու համար Apple-ի արտադրանքից հրաժարվելը։ 

«Ինչ կապ ունեն Ամերիկայի հետ մեր հարաբերությունները iPhone-ի հետ։ Այդ դեպքում ուրեմն եկեք հրաժարվենք բոլոր արտասահմանյան ապրանքներից, եւ ինչ կունենա՞նք։ Հյուսիսային Կորե՞ա։ Դա մեր ուղին չէ», - հայտարարել է Մեդվեդեւը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք հրաժարվել  ամերիկյան գաջետներից՝ երկրների միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«Հակառակը, կարծում եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չպետք է ոչ  մեկից հրաժարվենք։ Apple-ի արտադրանքից հրաժարվելով ամերիկացիներին վնասելը՝ ծիծաղելի է», - հավելել է վարչապետը։ Ընդ որում, ըստ նրա, ինքն ունի iPhone-ի եւ iPad-ի հայկական համարժեքները։

«Հայաստանի գործընկերներն ինձ արմֆոն եւ արմփադ են նվիրել», - ասել է Մեդվեդեւը՝ հավելելով, որ դրանք աշխատասենյակում չեն։

Բացի դրանից, ռուս վարչապետը պարզաբանել է, որ աշխատանքի ժամանակ ինքն օգտվում է պետությանը պատկանող երկու պլանշետից, եւ հերքել է այն լուրերը, որ դրանցում  խաղեր կան ներդրված։

Նշենք, որ այս տարվա մարտին ՌԴ վարչապետին արմֆոն եւ արմփադ էր նվիրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։