Կանադայում այցով գտնվող Արքայազն Չարլզը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ադոլֆ Հիտլերի հետ է համեմատել:
Մասնավոր զրույցում մեկնաբանելով Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը եւ Ղրիմի բռնակցումը՝ Ուելսի արքայազնը նկատել է. «Եվ հիմա Պուտինը գրեթե նույն բանն է անում, ինչ Հիտլերը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Չարլզի մամուլի ծառայությունից Daily Mail-ի լրագրողներին ասել են, որ չեն մեկնաբանի արքայազնի մասնավոր զրույցը:
Daily Telegraph թերթին Քլարենս հաուսից՝ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի նստավայրից, այնուամենայնիվ, պարզաբանել են. «Դա մասնավոր, սրտառուչ զրույց էր Հոլոքոսթի ժամանակ ընտանիքի անդամներին կորցրած տիկնոջ հետ»:





























