Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է  հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանի աշխատակազմ:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի 1-ին տեղակալն այլ կալանավորված անձանց հետ միասին  պահվում էր միեւնույն խցում: Իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ ազատազրկվածներից անջատ պահելը, սակայն,  օրենսդրական պահանջ է: Այն չպահպանելը կարող է հանգեցնել վերջիններիս նկատմամբ բռնության հնարավոր դրսեւորումների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Պաշտպանի միջամտության արդյունքում  Քրեակատարողական վարչության պետին տրվել է ցուցում՝ անվերապահորեն պահպանել օրենսդրությամբ նախատեսված պահանջները եւ բացառել նմանատիպ դեպքերը:

Արդարադատության նախարարությունը նախկինում ժխտում էր իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների հանդեպ օրենսդրության պահանջի խախտման դեպքերը, մինչդեռ  Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) տեղում իրականացրել էր ուսումնասիրություն եւ արձանագրել այդ խախտումները:

Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում  Արդարադատության նախարարության  պատրաստակամությունը եւ ակնկալում է արդյունավետ համագործակցություն»: