Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի եւս 38 ֆիզիկական եւ 11 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Ըստ նրա՝ այս պատժամիջոցները ցույց են տալիս իր երկրի հաստատուն եւ անառարկելի զորակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
«Ավստրալիան շարունակում է Ռուսաստանին կոչ անել կատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի պարտավորությունները», - ասվում է Բիշոփի հայտարարության մեջ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ այն անձանց ցուցակը, ում արգելված է մուտք գործել երկիր, չի հրապարակվելու, իսկ այն մարդկանց անունները, ում դեմ ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվել , կհրապարակվեն միայն 2011 թ. պատժամիջոցների մասին օրենքի փոփոխություններն ընդունելուց հետո: Ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ սա արվում է Ավստրալիայից «արտաքսվելու վտանգից» խուսափելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Կանբերրան պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ եւ Ուկրաինայի 12 քաղաքացիների դեմ:





























