«Վերնիսաժի» մայիսի 17-ին հնչած կրակոցների հեղինակները պետք է պատժվեն` անկախ ամեն ինչից ում բարեկամն են, կամ ինչքան գումար ունեն: Այս մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը` անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի կատարած քայլին, ինչի հետեւանքով հինգ մարդ վիրավորվել էր:
«Դուրս է գալիս անպատժելիության սահմաններից, ամբողջ պատմությունը երբ տեսնում ես, հարգանքի բացակայությունը մեկը մյուս նկատմամբ ապացուցում է, որ պետք է ճիշտ դաստիարակություն եւ հանդուրժողականություն լինի: Եթե ամեն ինչ օրենքով լիներ, ապա այսպիսի բան չէր լինի: Ես եմ տերը, օրենք չկա եւ ինքս կարող եմ որոշել` ինչ անել: Պետք է ամեն ինչ անենք, որ մեղավորները պատժվեն` անկախ ամեն ինչից, թե ում բարեկամն է կամ ինչքան գումար ունի»,- ասաց նա:
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն այլ կարծիքի է: Նա համոզված է, որ դեպքը տեղի ունեցավ, քանի որ մեզ մոտ ագրեսիվ մշակույթ է ձեւավորվել:
«Անպատժելիության մթնոլորտ չկա, մեզ մոտ ագրեսիվ մշակույթ կա, մարդկանց պահվածքն ագրեսիվ է` անկախ ամեն ինչից, թե սոցիալական ինչ վիճակում է: Պետք չէ հանդուրժել, երբ մարդիկ լկտիաբար ճանապարհ են փակում օրը ցերեկով: Պետք չէ հանդուրժել, երբ մարդը օրը ցերեկով կրակում է»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ԱկանատեսներըNEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























