Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը չի հասկանում, թե ինչու է հասարակությունն այսքան վատ վերաբերվում ստվերային շրջանառությանը: Այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը բարկացավ, երբ նրան հարցրին Հովիկ Աբրահամյանի` գործարարների հետ հանդիպման մասին:
«Մի կողմից ոչ ֆորմալ հանդիպումները շատ ողջունելի են, կարծում եմ` ինքնին այդ ֆորմատը չպետք է քննադատվի: Ի՞նչ վատ բան կա, որ կառավարության ղեկավարը հանդիպում է գործարար համայնքի հետ: Աշխարհում բոլորը սկսած Օբամայից վերջացրած Պուտինից հանդիպում են իրենց գործարարների հետ: Իսկ հանդիպման ժամանակ ընդամենը վարչապետն ասել է, որ աշխատեն օրենքի սահմաններում»,- ասաց նա:
Մանվել Բադեյանը համոզված է, որ ստվերային գործունեության մեջ վատ բան չկա. դա ընդամենը թերություն է, ոչ թե հանցագործություն:
«Բոլոր երկրներում ստվերային շրջանառությունը ակտուալ է: Ստվերային շրջանառությունը հանցագործություն չէ, թերություն է: Օրինակ` ստվերում են գտնվում փոքր եւ միջին բիզնեսի 99.9 տոկոսը: Եթե բուդկում եւ շուկայում ստվեր կա, սակայն դա հանցագործություն չէ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ այսուհետ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու:





























