ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը դժգոհ է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական եւ ֆինանսական մշտական հանձնաժողովի նիստին մեկնելու համար ԱԺ-ն անհրաժեշտ ֆինանսավորում չի հատկացրել իրենց:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Դեռեւս նախորդ տարվա աշնանը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստը, սակայն Հայաստանի Հանրապետությունից մասնակցություն չեղավ: Հայկական կողմը դա հիմնավորեց տարվա ավարտով եւ բյուջեում գումարի սակավությամբ, ինչին, բնականաբար, այն ժամանակ ըմբռնումով մոտեցա:

Մայիսի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում՝ ընթանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական եւ ֆինանսական մշտական հանձնաժողովի նիստը:

Թերեւս ավելորդ է ներկայացնել դրա կարեւորությունն ու քննարկվող հարցերն ու սպասելի որոշումները, որոնք կայացվում են նման բարձր մակարդակի քննարկումներից հետո: Վերոնշյալ պատվիրակության կազմում ենք ես եւ գործընկերներս ՝ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Այվազյանը, սակայն երեկ՝ թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ տեղեկացրեցին, որ Ազգային Ժողովն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել եւ աշխատանքային գործուղումը չի կարող կայանալ:

Անթույլատրելի է, որ նմանօրինակ կարեւոր միջխորհրդարանական, դիվանագիտական այցելության համար գումար չկա, սակայն ամեն անգամ ծանոթանալով բյուջեի ծախսային մասին, ականատես ենք լինում մի շարք չհիմնավորված եւ ոչ նպատակային ծախսերի: Մտահոգիչ է, որ նման գործելաոճով առաջնային վտանգի տակ է դրվում մեր երկրի խորհրդարանական դիվանագիտությունն ու Ազգային Ժողովի վարկանիշը՝ մեր գործընկեր երկրների մոտ: Մեր մասնակցությունը կարեւոր էր հատկապես այս ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում քաղաքական լուրջ գործընթացներ են ընդանում, իսկ հանձնաժողովի նիստին նախատեսված էր ԱՊՀ գործընկեր երկրների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ եւ ուշադրություն՝ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ-դիտողություն, որը պետք է քննարկվեր Սանկտ-Պետերբուրգում:

Հ.Գ. Բոլոր հետեւությունները թողնում եմ Ձեր դատին»: