Պետք չէ ձեռնարկատիրոջը խրտվիլակ սարքել: Նման հայտարարությամբ մայիսի 21-ին խորհրդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանն է հանդես եկել` ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման:
«Ես ձեզ կոչ եմ անում վատ չվերաբերվել ձեռնարկատերերին: Նրանց շնորհիվ է, որ այս սրահում նստած` աշխատավարձ ենք ստանում: Դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ են կառուցվում, կենսաթոշակներ վճարվում: Ընդհանրապես, ուզում եմ եւ գործարարներին, եւ հասարակությանը դիմել: Պետք չէ գործարարին բոբո դարձնել: Ընդհակառակը` մենք խնդրում ենք, որ ավելի շատ մարդիկ բիզնեսով զբաղվեն, ներդրումներ կատարեն տնտեսության մեջ», - հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, հենց դրա շնորհիվ կարող են ընդդիմության բարձրաձայնած հարցերն իրենց լուծումը գտնել` ցածր նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակներ ու նպաստներ: «Իհարկե` մենք էլ ենք ուզում, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ոչ թե 50 հազար դրամ լինի, եւ ոչ էլ` 65, այլ միանգամից` 165 հազար: Պատգամավորինն էլ` 250 հազարի փոխարեն` 550 հազար: Բայց դրա եւ մնացած այլ բաների համար ոչ այլ ինչ է հարկավոր, քան` տնտեսական ակտիվություն», - նկատել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը, համաձայն կառավարության ծրագրի, միայն 2017թ. հնարավոր կլինի 65 հազար դրամ դարձնել:




























