Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ասած «պարտադիրը» վերաբերում է քաղաքացիների մասնակցությանը, ոչ թե պահումներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե կուտակայինի մասին օրենքը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

«Պարտադիրը վերաբերում է քաղաքացու մասնակցությանը, հենց սա նկատի ունի Հովիկ Աբրահամյանը: Ասենք՝ հարկերի մասին օրենք ենք ընդունում, ո՞նց կարող է հարկատու չլինել, նույնն էլ կենսաթոշակների մասին օրենքն է, եթե ընդունում ենք կենսաթոշակների մասին օրենք, ո՞նց կարող է կենսաթոշակառու չլինի, սա ճի՞շտ է, սոցիալապես սխալ է: Հիմա թե ինչպես կմասնակցի, որ դեպքում, ինչ հանգամանքներում, որ տարիքից կմասնակցի, դրանք ուրիշ խնդիրներ են, բայց պարտադիրը քաղաքացու, աշխատողի պարտադիր մասնակցությունն է: Սա պահումներին չի վերաբերվում: Ինչքան պահում կլինի, որտեղից կլինի դեռ անհայտ է»,- ասաց նա:

Նշենք, որ կուտակայինի մասին նոր օրինագծով, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, այն քաղաքացիները ովքեր չեն ցանկանում մասնակցել համակարգին, պետք է դիմումներ ներկայացնեն իրենց գործատուներին՝ պահումներ չանելու պահանջով: