Հայաստանի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի սպասարկման ծախսերը չպետք է հասանելի լինեն հանրության համար: Այս մասին մայիսի 22-ին լրագրողներին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է հայտնել` մեկնաբանելով «Պետական գնումների մասին» օրենքի` խորհրդարանի երկրորդ ընթերցմանը ներկայացված փոփոխությունների նախագիծը: Համաձայն օրինագծի, պետական պահպանության ենթակա պաշտոնատար անձանց սպասարկման եւ գործնական այցերի նպատակով կատարված ծախսերը բացահայտման ենթակա չեն: Դավիթ Հարությունյանը նշել է, որ խոսքը ծախսերի ընդհանուր գումարին չի վերաբերում, այլ` դրանց կոնկրետ` տենդերային հոդվածներին:
Հարցին ի պատասխան, թե դա ինչպես է անվտանգությանը սպառնում, նախարարը նշել է. «Եթե ես փորձեի այդ տվյալներն ի չարս օգտագործել, օրինակ, կպարզեի, թե որ պետության պատվիրակության համար ումից ենք սնունդ պատվիրում: Հետո կարող էի հատուկ մարդկանց` մատուցողների, խոհարարների եւ այլ մասնագետների ներդնել: Սա օրինակներից ընդամենը մեկն է: Եվ դեռ չի նշանակում, որ նմանատիպ բոլոր սցենարներն անպայման իրականանալի են: Բայց երկրի անվտանգության մասին չմտածելն անհեռատես քայլ կլիներ»:
Ակնարկին ի պատասխան, թե ազդեցիկ մարդիկ առանց համացանցի օգնության էլ կարող են մատակարարների մասին տեղեկություններ ճշտել, Դավիթ Հարությունյանն առարկել է` ասելով, որ ոչ բոլոր գաղտնի տվյալներն են նույնիսկ ազդեցիկ մարդկանց համար հասանելի: «Հավաստիացնում եմ ձեզ` եթե Հայաստանում գումարով, նույնիսկ հսկայական գումարներով, հնարավոր լիներ ցանկացած գաղտնի տվյալ ճշտել, ապա մեր անվտանգությունը հիմա շատ ավելի խոցելի կլիներ, քան իրականում կա», - ասել է նա:




























