«Այս օրը ոչ միայն իմ, այլ համայն հայ ժողովրդի հաղթանակի օրն է, որովհետեւ 65 տարի առաջ այս օրը բոլորիս ջանքերով հաղթանակ կերտվեց ֆաշիզմի դեմ»,- այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Հայրենական Մեծ Պատերազմի 65-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանի Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելուց եւ հարգանքի տուրք մատուցելուց հետո:
Շնորհավորելով պատերազմի բոլոր վետերաններին եւ ողջ հայ ժողովրդին` նա նշեց, որ Գերմանիայի դեմ տարած հաղթանակի շնորհիվ խորհրդային բոլոր ժողովուրդներն արարման իրավունք ստացան. «Այս օրը հայ ժողովրդի համար վերածվեց եռատոնի` ազատագրվեց Շուշին, ստեղծվեց արցախյան հզոր , մարտունակ բանակը: Ասել է թե, այն սխրանքները, որ գործեցին հայ ժողովուրդը եւ մեր պապերը Հայրենական Մեծ օպատերազմում, արտացոլվեցին նաեւ մեր սերնդակիցների գործունեության մեջ»,- նկատի ունենալով ղարաբաղյան պատերազմը`ընդգծեց նախարարը` միեւնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ եթե «այն պատերազմը մեր ժողովրդի համար հայրենական էր, ապա արցախյան գոյամարտը մեր ժողովրդի համար կրկնակի հայրենական էր, քանի որ իրականանում էր մեր տարածքներում»:
Ամփոփելով` Սեյրան Օհանյանը մաղթեց, որպեսզի հաղթանակները հայ ժողովրդի համար մշտական լինեն. «Թող լինեն հաղթանակներ, որոնք կապահովեն եւ խաղաղություն, եւ անվտանգություն, եւ հայ ժողովրդի հետագա ազատ զարգացում»:




























