Ղարաբաղի դիրքորոշումները պետք է արտացոլվեն ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջնական ցանկացած պայմանագրում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում։ Նա հիշեցրել է, որ մինչև 1998 թվականը Ղարաբաղի հայերը մասնակցում էին բանակցություններին, սակայն Հայաստանի նախկին կառավարությունը եկավ այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի հայերի փոխարեն բանակցություններ կվարի պաշտոնական Երևանը։ Այսինքն, դա եղել է Հայաստանի որոշումը։ Այդ որոշումը փոխելու համար անհրաժեշտ է Բաքվի ու Երևանի համատեղ համաձայնությունը։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման վերաբերյալ Բրայզան նշել է, որ այն շատ ավելի արդյունավետ էր նախկին բոլոր բանակցություններից։ Նախագահները ձգտում են լուծել առկա բոլոր տարաձայնությունները, սակայն դա չի նշանակում, որ ամեն բան հարթ է։ Նա հայտարարել է նաև, որ իշխանություններին ուղղված Հայաստանի ընդդիմության «միակողմանի զիջումների» վերաբերյալ մեղադրանքները իրապես չեն համապատասխանում իրականությանը։ «Այն, ինչ ասում են Հայաստանում նախագահ Սարգսյանի կամ նախարար Նալբանդյանի կողմից „միակողմանի

զիջումների“ մասին, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նմանատիպ զիջումներ գոյություն ունենային, ադրբեջանական կողմը շատ ուրախ կլիներ։ Եթե բանակցություններում որևէ բան ես տալիս, ապա ինչ-որ բան պիտի ստանաս փոխարենը։ Այդպիսի մթնոլորտում ընթացող բանակցություններում միակողմանի զիջումների մասին խոսք անգամ չի կարող լինել»,- հայտարարել է նա։

Խոսելով բանակցությունների հիմնարար սկզբունքների մասին, համանախագահը նշել է, որ «ոչ մի հոդված չի համաձայնեցվել առանց բոլոր հոդվածների համաձայնեցման»։ «Բանակցություններն առաջ են գնում, սակայն մի շարք դեպքերում մենք վերադառնում ենք համաձայնեցված պահերին, որպեսզի կրկին քննարկենք դրանք։ Այսինքն, բոլոր հոդվածները փոխկապակցված են»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «հիմնարար բոլոր սկզբունքները, բացարձակապես բոլորը, համաձայնեցված են հիմնարար ձևով, սակայն անհրաժեշտ է աշխատել մանրամասների վրա»։