ՀՀ կառավարության ծրագիրը չի համապատասխանում իր կարգախոսին, մայիսի 22-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ կառավարության ծրագիրը իրատեսական, խստապահանջ եւ ականջալուր չէ: «Իրատեսական չի կարող լինել այն ծրագիրը, որը շրջանցում է հիմնական խնդիրները եւ խուսափում է իրերը կոչել իրենց անուններով: Ճգնաժամային իրավիճակի գնահատական չկա», - ընդգծել է Ռուստամյանը:
Ըստ նրա՝ խստապահանջ լինել չի կարող այն ծրագիրը, որտեղ ամբողջությամբ բացակայում են վերահսկողության մեխանիզմները: Եվ այդ պատճառով էլ այն ականջալուր չէ: «Եթե դու վստահ ես, որ լավ ես աշխատում, թող քեզ կրկնակի էներգիայով վերահսկեն քեզ հետեւողները: Այսօր ընդդիմությունը՝ մենք, վաղը՝ ուրիշները: Սակայն կմնա արդյունավետ վերհսկողության ազդեցությունը: Ամեն ինչ մի կապեք անձանց հետ: Դրանով դուք ամեն ինչ փչացնում եք: Դուք ասում եք, որ բանը հենց մեզանում է, որ ընդդիմությանը չի կարելի վերահսկող գործառույթներով լիազորել, քանի որ այն վատն է: Ախր ոչ մի իշխանություն էլ չի ասի, որ ընդդիմությունը լավն է: Եվ դա դուք չեք որոշում: Դա որոշում է ժողովուրդը», - ասել է Ռուստամյանը:





























