Հայաստանի կառավարությանը ոչինչ չի մնում, քան խորհրդարանի դահլիճում կոլեկտիվ ապաշխարելը: Այս մասին մայիսի 22-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ կառավարությանն այլ բան չի մնում, քանի որ այնտեղ հավաքվել են ամենախոշոր կաշառակերները, որոնք արդեն երիտասարդ տեխնոկրատների կենդանի վահանով չեն ծածկվում: Իսկ սա նշանակում է, որ «կրախի շեմին իշխանությունը ճարահատյալ մարտ է նետում վերջին ռեսուրսները»:
«Մատթեւոսի ավետարանում ասվում է. իրենց պտուղների՛ց կճանաչեք նրանց: Կքաղվի՞ արդյոք փշից խաղող, կամ տատասկից թուզ: Այսպես էլ մենք հեշտությամբ կարող ենք տեսնել, թե ինչ արժեք ունեն կառավարության հայտարարությունները նոր ուղղության մասին: Ի՞նչ մարդիկ են այնտեղ հավաքվել: Անձամբ Հովիկ Աբրահամյանը: Սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, որը պետության ֆինանսական համակարգն օգտագործում է հարստանալու համար: Բայց ինչո՞ւ միայն նրանք: Դավիթ Հարությունյանը, Կարեն Ճշմարիտյանը... Կառավարությունում բիզնեսի հետ կապ չունի ընդամենը չորս մարդ», - նշել է ընդդիմադիրը: Ըստ նրա՝ իրավիճակը հեշտ չէ, սակայն «Աստվածաշունչն այստեղ էլ մեզ մենակ չի թողնում»: «Ծառը, որը բարի պտուղ չի տալիս, կտրում են եւ կրակի մեջ նետում», - սկսել է Զուրաբյանը, սակայն քաղաքական-աստվածաբանական ճառը չի կարողացել ավարտել՝ ժամանակի սղության պատճառով:





























