Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ծրագիրը ընդունվել է խորհրդարանում 70 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից հետո հնչել են հանրապետականների ծափերն ու «բրավո» բացականչությունները:

Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել էր, թե ինքն ու «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու:

Ավելի վաղ իրեն ընդդիմադիր հռչակած «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել էր, թե խմբակցությունը հրաժարվումէ  քվեարկությանը մանսակցելուց: Կառավարության ծրագրին կողմ քվեարկելու ցանկություն էր հայտնել պատգամավոր Կարեն Բոթոյանը, ով ՕԵԿ-ից դուրս գալու դիմում էր գրել: Ըստ Բիշարյանի, Բոթոյանը երիտասարդ գործարար է, եւ չի կարող դեմ քվեարկել կամ չմասնակցել քվեարկությանը: Բիշարյանը ամոթանք էր տվել Հովիկ Աբրահամյանին, որ խոսում է համագործակցության մասին, միաժամանակ գործարարին մեր երկրում չի թույլատրվում քվեարկել իր ուզածի պես:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, թե «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը չեն մանսակցելու՝ այդկերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով Հայաստանում գործող քաղաքական ռեժիմին: