«Հայկական ժամանակ» օրաթերթում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հրապարակվող նյութերը այնքան անհեթեթ են, որ կարիք չունեն ոչ միայն հերքման, այլեւ մեկնաբանության: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «Հայկական ժամանակի» տեղեկատվությունը, թե Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել:

Հիշեցնենք, որ վերջերս Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի մասին նշել էր նաեւ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Հուլիսի 17-ին Մոսկվայում կայացավ Ալիեւ-Սարգսյան թվով յոթերորդ հանդիպումը, նաեւ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո մամուլի համար որեւէ հայտարարություն չարվեց: