Հայաստանի խորհրդարանը երկրորդ` վերջին ընթերցմամբ հանավություն է տվել «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, համաձայն որի թանկարժեք ավտոմեքենաների համար կիրառվող 20 տոկոսանոց ակցիզային հարկը չեղարկված է համարվում: Օրինագծի օգտին 71 պատգամավոր է քվեարկել: «Դեմ» էին 31-ը:

Մինչ այժմ հարկը 25 մլն դրամից բարձր մաքսային արժողությամբ, կամ 4500 եւ ավելի խ.սմ. աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող մինչեւ երկու տարեկան ավտոմեքենաների նկատմամբ էր կիրառվում:

Ինչպես օրինագծին կից բացատրագրով էր նշվում, հարկի կիրառումը հիշյալ դասի ավտոմեքենաների ներմուծման եւ հետեւաբար` առեւտրի, բյուջեի եւ բնակչության եկամտային ծավալների նվազեցման է հանգեցրել:

Բացի այդ, ինչպես օրինագծի հեղինակներից մեկը` ԱԺ էկոնոմիկային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էր հայտարարել, 2015թ., Եվրասիական տնտեսական միության շրջանակում, Հայաստանն ամեն դեպքում պետք է բարձր մաքսատուրքեր սահմանի երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների համար (բոլոր արտոնությունները, այսպես թե այնպես, ժամանակավոր են լինելու): Այնպես որ ավելի լավ է` մինչ այդ բնակչությանը հնարավորինս ցածր գնով նման կարգի ավտոմեքենաներ ներմուծելու հնարավորություն ընձեռել:

Նշենք, որ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ներկայացված օրինագծի մյուս համահեղինակը ԲՀԿ անդամ, էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն է: