Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության  միջեւ միգրացիայի ոլորտում  փոխգործակցության հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված  մոտեցումներն ու կանոնները երկկողմ  հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին:  Նշվեց, որ  երկուստեք  աշխատանքներ են  իրականացվում  համապատասխան  համաձայնագրերի  մշակման  ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի  Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ  աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության  հետ կապված ընթացակարգերի դյուրացմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կողմերը սեղմ ժամկետներում կմշակեն համաձայնագրերի նախագծերն ու դրանք ներպետական ընթացակարգերով  կներկայացնեն վավերացման: Կարեւորվեց նաեւ միգրացիայի  ոլորտում տեղեկությունների եւ տվյալների փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրի մշակման եւ ընդունման  հարցը: