Ոչ մի մտահոգվելու առիթ չկա Հայաստանի գազի մատակարարումների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով «Հյուսիս-Հարավ» գազատարի վերանորոգման ժամկետների եւ Իրանից ժամանակավորապես գազ գնելու անհրաժեշտության մասին հարցին:
«Հարցերին կսկսեմ պատասխանել իմ նշանակումից 100 օր հետո»,-հայտարորել է Զախարյանը: Արտակարգ իրավիճակի հետ կապված բացառություն անելու խնդրանքին էլ արձագանքել է. «Իսկ ինչ արտակարգ բան կա այստեղ: Դուք գազ չունե՞ք, իմ կարծիքով ունեք, խնդրեմ»:
Հիշեցնենք, գազատարը, որով Հայաստանը բնական գազ է ստանում, վնասվել էր մայիսի 17-ին Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքի արդյունքում:
«Գազպրոմ Արմենիան» հայտարարել էր, որ վթարի վերականգնման ընթացքում լիարժեք կապահովի Հայաստանի գազամատակարարումը: Նշենք, Հայաստան գազամատակարարման դադարների դեպքում օգտագործվում են Աբովյանի ստորգետնյա գազամբարի պաշարները:
Մայիսի 23-ին, ժամը 14:07-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:




























