Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հերքում է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը, թե ինքը քաղաքացիական ակտիվիստներին փաստաթուղթ է տրամադրել երթուղային տաքսիների ծախսերի վերաբերյալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տրանսպորտի վարչության պետը նախ բարկացավ, ապա պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Վերջին մեկ տարվա ընթացքում ես ոչ մեկին նման փաստաթուղթ չեմ տվել: Այսքանը»:
Մեր դիտարկմանը, թե քաղաքացիական նախաձեռնության անդամները պնդում են, որ այդ փաստաթղթի տակ հենց Հենրիկ Նավասարդյանի ստորագրությունն է՝ վերջինս բարկացած ասաց. «Հարցերն ուղարկեք մեր լրատվական բաժին, կուսումնասիրեմ եւ կպատասխանեմ, իսկ փաստաթղթերի վերաբերյալ նորից եմ ասում՝ ես նման փաստաթուղթ չեմ տվել ոչ մեկին»:
Նշենք, որ մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Գեւորգյանը հայտնեց, որ իրենք քաղաքապետարանից Հենրիկ Նավասարդյանի ստորագրությամբ ցուցակ են վերցրել:
«Մենք քաղաքապետարանից վերցրել ենք գազելի վրա արվող ծախսերի ցուցակը: Այնտեղ գրված է, որ յուղը երեք հազար դրամ է, չորս տարին մեկ անգամ փոխում են փոխադրամիջոցները, բայց նման բան չկա: Ցույց տվեք ինձ Երեւանում մի նոր գազել, էլ չեմ ասում, որ հաշվարկի մեջ ներկայացված գազելի գինը չի համապատասխանում իրական արժեքին»,- ասել էր նա:





























