Արցախի համար նյութական օգնությունը շատ կարեւոր է, բայց Արցախը քայլող ստամոքս չէ, այլ քայլող ոգի, ազատատենչ ու արժանապատիվ մարդիկ, ովքեր սովին կդիմանան, բայց անարժանապատիվ կյանքին՝ երբեք:
Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում կայացած խորհրդաժողովում:
Անդրադառնալով ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի կոչին՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, Գեղամ Բաղդասարյանը նկատել է. «Ինչ խոսք, ԼՂՀ իշխանություններն այս ամբողջ ընթացքում կարող էին շատ ավելին անել, եւ այսօր՝ պատերազմի ավարտից 16 տարի անց, կարող էին գոնե ունենալ կոնկրետ ծրագիր ու հստակ հայեցակարգ»: Ըստ պատգամավորի՝ բայց այսօր էլ ուշ չէ: «Հայ ժողովրդի այս հատվածի համար պատմական այս հանգրվանում սա առաջին հերթին անվտանգության խնդիր է, ցեղասպանության փորձի կանխման խնդիր: Խորհրդի կարծիքով՝ կարեւորն այստեղ ոչ միայն կամ նույնիսկ ոչ այնքան միջազգային իրավական երաշխիքներն են, որքան բարոյահոգեբանական գործոնը: Նորանկախ երկրի ճանաչումը կոգեւորի արցախցիներին, կնպաստի ազատագրված տարածքների վերաբնակեցմանը եւ բնակչության արտահոսքի կանխմանը: Իհարկե, Խորհուրդը հասկանում է առանձին երկրների կողմից ճանաչման ամբողջ բարդությունը, ուստի առաջարկում է դա անել նաեւ տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով»,- ասել է Բաղդասարյանն ու հավելել. «Բայց սա հարցի միայն մի կողմն է: ԼՂՀ-ի կարեւորագույն խնդիրն այսօր ակտիվ քաղաքականություն վարելն է բոլոր ուղղություններով, քաղաքականապես ինքնահաստատվելն ու ամրապնդվելը: Մենք պիտի կարողանանք վերականգնել տարածաշրջանային ինքնուրույն ռազմաքաղաքական գործոնի մեր դերը: Հենց սույն գործոնը վերականգնելու հարցում, մրցունակ պետություն ունենալու հարցում ամենամեծ աջակցության կարիքն ունենք»:
Մինչդեռ Սփյուռքը, այսօր էլ նախընտրում է գերազանցապես նյութական աջակցություն ցուցաբերել Արցախին, ինչը, իհարկե, կարեւոր է եւ ինչի համար խորապես երախտապարտ ենք նրան, բայց այսօր այլ են մարտահրավերները: «Պարզունակ ասած՝ Սփյուռքը նախընտրում է դպրոցի շենք կառուցել, բայց այսօր շատ ավելի կարեւոր է կրթության որակի բարելավումը: Այստեղ դժվար է ներդրումը չափելն ու գնահատելը, այստեղ շատ ավելի երկար ժամանակ է պետք, բայց սա շատ ավելի հեռագնա ու ազգօգուտ է: Մենք պիտի տաղանդախույզ քաղաքականություն վարենք»,- ասել է Բաղդասարյանը համոզմունք հայտնելով, որ վաղուց արդեն ժամանակն է դրամահավաքի փոխարեն ուղեղահավաք անցկացնել, մարաթոնի փոխարեն կազմակերպել գաղափարաթոն, ժողովել լավագույն գաղափարներն ու ծրագրերը եւ դրանց հեղինակներին, մշակել հայրենիքի ու համայն հայության զարգացման համապարփակ ծրագիր ու մտածել համատեղ ուժերով դրա իրականացման մասին:
«Խնդրում եմ ճիշտ հասկանալ՝ նյութական օգնությունը շատ կարեւոր է, բայց Արցախը քայլող ստամոքս չէ, այլ քայլող ոգի, ազատատենչ ու արժանապատիվ մարդիկ, ովքեր սովին կդիմանան, բայց անարժանապատիվ կյանքին՝ երբեք: Մինչդեռ երբ խոսում ես Արցախում մարդու իրավունքների մասին՝ սփյուռքահայերը վարանում են: Սփյուռքահայությունն ուզում է Արցախի մասին լսել կամ լավ, կամ՝ ոչինչ: Մինչդեռ այդպիսի վերաբերմունք, ինչպես հայտնի է, ունենում են մահացածների նկատմամբ: Իսկ Արցախը տոտեմ կամ մումիա չէ, այլ կենդանի օրգանիզմ, բաբախող սիրտ ու միտք»,- ասել է պատգամավորը եւ հավելել. «Սփյուռքահայ մեր եղբայրներն ու քույրերը կարող են եւ իրավունք ունեն ըստ ամենայնի մասնակցելու պետականաշինությանը, կարող են եւ իրավունք ունեն պահանջատեր լինելու նաեւ այս հարցում, հայրենաշինության հարցում, որովհետեւ հայրենիքը բոլորինս է»:
«Երկու հայկական պետականություններն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած: Ուստի մեր պետականությունների մակարդակը եւ իշխանությունների որակը պիտի համապատասխան լինի այդ մարտահրավերների մակարդակին ու որակին: Սա է խնդիրը: Համապատասխան պիտի լինի նաեւ հասարակական-քաղաքական ու տեղեկատվական դաշտերի որակը: Այստեղ է, որ լուրջ աջակցության ու համագործակցության կարիք կա: Եւ վերջինը՝ ներհայկական մեր հիմնախնդիրների դանդաղ լուծման պատճառներից մեկն էլ բանավեճի համահայկական հարթակի բացակայությունն է: Արժե նաեւ այս մասին մտածել: Նաեւ այս տեսանկյունից եմ կարեւորում այսօրվա միջոցառումը եւ մաղթում շատ ավելի ընդգրկուն ու խորունկ քննարկումներ»,- ամփոփել է Գեղամ Բաղդասարյանը:




























