Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկնել է այն միտքը, որ կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք դիմել են իրեն իրենց կուսակցական ընկերներին աշխատանքի անցկացնելու համար, սակայն այդպես էլ անուններ չի տվել: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին կառավարության նիստում Մանվել Բադալյանը հայտարարել էր, որ կոալիցիոն կուսակցությունները վերածվել են աշխատանքային բորսաների եւ պետական կառավարման համակարգում պաշտոնի նշանակման հարցում առաջնորդվում են կուսակցական պատկանելությամբ:
Հարցին, թե որ կուսակցությունից են ավելի շատ նման հարցով իրեն դիմել, նա պատասխանել է. «Ես ասացի բոլոր կուսակցություններն էլ, չեմ չափել, որն է ավելի շատ: Կոալիցիոն կուսակցություններն ունեն ներկայացուցիչներ գործադիրում, և ես, ցավոք, նկատում եմ, որ յուրաքանչյուրը գերակա խնդիր է համարում իր կուսակցության անդամներին ներգրավել ոչ այնքան իրենց ցանկությամբ, ինչքան իրենց կուսակցությունների ղեկավարների հանձնարարականով»:
Լրագրողները հետաքրքրվել են նաեւ, թե արդյո՞ք ինքը զերծ է նախագահի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ճնշումներից, ինչին Մ. Բադալյանն արձագանքել է, որ նման բան չկա, քանի որ երկրի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ քաղծառայության համակարգը կայանա եւ զարգանա, ու պետական համակարգում աշխատեն պրոֆեսիոնալներ: «Ինչ է նշանակում ճնշում: Ճնշման մի ձեւ կա, բարոյական ճնշում, որը կարող է լինել ընկերների, հարազատների, բարեկամների կողմից: Դա ինձ համար ավելի մեծ ճնշում է: Բարեբախտաբար երկրի ղեկավարի կողմից ճնշում չի եղել եւ դա երկրի քաղաքական ղեկավարության ուղեգիծն է»,- ասել է նա ու ընդգծել, որ հասկանում է այն մարդկանց, որոնք հացի խնդիր լուծելու համար կուսակցությունից կուսակցություն են անցնում, մի քանի կուսակցական տոմս են պահում գրպանում: Սակայն, դա Մ. Բադալյանի համոզմամբ. օգուտ չի բերում ոչ կուսակցություններին, ոչ պետությանը, ոչ էլ հասարակությանը, այլ միայն դեգրադացվում է այդ մարդկանց արժեհամակարգը:




























