ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ ասպիրանտուրայի ու մագիստրատուրայի տարկետման իրավունքով տեղերի կիսով չափ կրճատումը «փոխհրաձգության» առիթ է դարձել «Ժառանգություն» խմբակցության Ստյոպա Սաֆարյանի եւ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի միջեւ:

Հիշեցնենք, որ կառավարության այս նախաձեռնության դեմ բողոքի ալիք է բարձրացրել ուսանողության շրջանում, ովքեր այդ կապակցությամբ բողոքի ակցիա էին կազմակերպել` ԵՊՀ-ի դիմաց, ապա եւ համապատասխան նամակ հանձնել կառավարությանը:

Կարեն Ավագյանը հայտարարեց, թե «տարբեր կուսակցություններ փորձում են նուրբ ու զգայուն այդ հարցին քաղաքական աստառ» տալ` ակնարկելով «Ժառանգությանը», որն, ըստ իշխանական պատգամավորի, փորձում է երիտտասարդական ակցիաները ծառայեցնել սեփական կուսակցական նպատակներին: Ապա անցնելով կառավարության որոշման բուն էությանը` նա նկատեց, որ եթե մարդ ցանկանում է «գիտություն անել, ապա նա դա կարղ է անել նաեւ բանակ գնալուց ու վերադառնալուց հետո»: ՀՀԿ-ական պատգամավորի ներկայացմամբ, կառավարության վերոնշյալ որոշումը նպատակ ունի ասպիրնտուրա ընդունվելու հնարավորություն տալ միայն գիտելիքների բարձր մակարդակ ունեցող եւ համապատասխան չափանիշների բավարարող ուսանողներին:

Ստեփան Սաֆարյանը, հակադարձելով իր կոլեգային, հայտարարեց, թե ուսանողական բողոքի ակցիայի նախաձեռնողն ամենեըին էլ «Ժառանգությունը» չէ, ինչի մասին կուսակցությունը օրերս համապատասխան հայտարարություն էր տարածել, միաժամանակ ընդգծելով, որ այդ ակցիային մասնակցել են նաեւ «Ժառանգություն»կուսակցության երիտթեւի անդամ ուսանողները:

«Պետք չէ մութ անկյուներում կատու փնտրել եւ ամեն նախաձեռնության ետեւում տեսնել „Ժառանգության“ ականջները»,-ասաց Սաֆարյանը: Նա նաեւ տարակուսեց, որ ասպիրանտուրայի տեղերի ու բանակ գնալու մասին խոսում են այն մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել` հիշատակելով նույն Կարեն Ավագյանին եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ս.Սաֆարյանն ասաց նաեւ, որ ուսանողության բողոքը հիմնավոր է, քանի որ վերջիններս մտավախություն ունեն, որ ասպիրանտուրայի ու մագիստարտուրայի տարկետման իրավունքնով տեղերից օգտվելու հնարավորություն ունեցել եւ այսուհետ էլ կուենան այն մարդիկ, ովքեր իրենց` իշխանականների «պրոտեժեներն են», իսկ նրանք, «ովքեր չեն մուծվի, ովքեր կաշառք չեն տա», նրանք կգնան բանակ: