Հայաստանի արտաքին պետական պարտքը 2013թ. վերջին ՀՆԱ-ի 37,1 տոկոսը` 1581,6 մլրդ դրամ է կազմել: Այս մասին Հայաստանի 2013թ. պետբյուջեի իրականացման մասին` մայիսի 26-ին խորհրարանի քննարկմանը ներկայացված հաշվետվության մեջ է ասվում: 2012թ. համապատասխան բացարձակ ցուցանիշը մի փոքր ավելի ցածր` 1509 մլրդ դրամ է եղել, իսկ ՀՆԱ-ի հետ հարաբերությամբ` մի փոքր ավելի բարձր` 37,7 տոկոս:

Պետական պարտքի հիմնական մասը` 3 մլրդ 390,8 մլն ԱՄՆ դոլարի չափով, Հայաստանի կառավարության պարտքն է կազմել, իսկ մնացած 508,3 մլն ԱՄՆ դոլարը Կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են:

Հայաստանի պետական պարտքի սպասարկումը 2013թ. 861,3 մլն դոլար է կազմել, որից 665,9 մլնը` կառավարության, եւ 195,3 մլնը` Կենտրոնական բանկի պարտքի մասով: