2013թ. Հայաստանը արտաքին դոնորներից ստացել է 13,3 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 32,1 մլն դոլար): Այս մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 26-ին խորհրդարանում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում:

Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ նշված ծավալը 6,8 միլիարդով (մոտ 34%) պակաս էր նախատեսվածից՝ կապված ծրագրերի իրականացման մակարդակի հետ:

Նշված 13,3 մլրդ դրամից շուրջ 1,4 միլիարդը փոխանցել է Գերմանական զարգացման KfW բանկը (պլանից 107,4%-ը), 1,2 միլիարդը՝ Համաշխարհային բանկը (98,9%), մոտ 552 միլիոնը՝ ԵՄ-ն (7,6%), 270,8 միլիոնը՝ ՎԶԵԲ-ը (137,1%), 239,9 մլն դրամը՝ USAID-ն եւ ԱՄՆ-ի այլ կառույցներ  (91,9%), 222,8 մլն դրամը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերը (UNDP, 70,9%), 122,5 միլիոնը՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը  (IFAD, 124,8%), 48,5 միլիոնը՝ Զարգացման ավստրիական գործակալությունը (100%):

Եւս 6,2 միլիարդ դրամ է ստացվել  ոչ նպատակային ծրագրերի շրջանակում: Դրանցից  5,2 միլիարդ դրամը ստացվել էր 2007-2010թթ. Հայաստան-ԵՄ համատեղ ծրագրերի գործողությունների շրջանակում անցկացված միջոցառումների համար: