ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին ուղղված պատասխան նամակում նշել է, որ ապրիլի 22-ին ռոմանոգերմանական եւ պատմության ֆակուլտետների ուսանողների խնդրանքով է, որ նրանք ազատվել են վերջին երկու դասաժամերից` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին մի խումբ ուսանողներ պատրաստվում էին բողոքի ցույց անցկացնել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց՝ պահանջելով վերականգնել կառավարության որոշմամբ ասպիրանտուրայի եւ մագիստրարտորայի տարկետման իրավունքով կիսով չափ կրճատված տեղերը եւ ուսանողները կարծում են, որ ԵՊՀ ռեկտորի այդ որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ ուսանողները չմասնակցեն այդ ակցիային:
Ապրիլի 29-ին Ստեփան Սաֆարյանը նամակ էր հղել ԵՊՀ ռեկտորին՝ հարցնելով, թե ինչո՞ւ ապրիլի 22-ին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասապրոցես չի կայացել ուսանողներին տուն ուղարկելու պատճառով:
Չնայած, որ բուհի ռեկտորը պնդում է, թե միայն երկու ֆակուլտետում դասեր չեն եղել, այն էլ վերջին երկու ժամերը, սակայն ԵՊՀ-ի ուսանողները հակառակն են պնդում։ Այսպես. Ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արամը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 22-ին նրանք մինչեւ 11:30-ն են դաս արել.
«Դասերը պետք է տեւեին մինչեւ 13:30, սակայն 11:30-ից հետո մեզ տուն ուղարկեցին։ Ֆակուլտետում լուր տարածվեց, որ հակամիջատային դեղ են լցրել։ Ղեկավարներն անցան լսարաններով եւ ասացին, որ դուրս գանք, դաս չկա»:
Հոգեբանության ֆակուլտետի ուսանող Արմենը, ով երկրորդ հերթի ուսանող է, ասաց, որ ինքը դաս արել է, սակայն նշեց, թե լուրեր էին տարածվել, որ առաջին հերթի դասերը չեն եղել։ «Հոգեբանության ֆակուլտետի պատճառաբանությունը եղել է այն, որ ասել են, թե հակամիջատային դեղ են լցնում եւ սանիտարական օր է»,- նշեց նա:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում սովորող Սոս Ավետիսյանը եւս հաստատեց, որ այդ օրն իրենց ֆակուլտետում դասերը մինչեւ ժամը 11:30-ն են եղել, իսկ հետո ուսանողներին հայտարարել են, որ ռեկտորատի որոշմամբ իրենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են տանում. «Ուսանողները անականկալի են եկել եւ չեն էլ պատկերացրել, թե ինչու՞ ապրիլի 22-ին պետք է գնալ Ծիծեռնակաբերդ»:
Նույն մասնաշենքում սովորղ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթն էլ ասաց . «Դասերից ազատել են , որպես սգի օր»։




























