Հայաստանի նոր կառավարության ծրագիրը դեկլարատիվ բնույթ է կրում: Հիշյալ տեսակետը մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսին ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն է հայտնել: Նա հրաժարվել է որեւէ գնահատական տալ ծրագրին, քանի որ կառավարությունը գնահատման համար անհրաժեշտ ոչ մի թիվ չի ներկայացրել:

Վահագն Խաչատրյանը գտնում է, որ նորանշանակ կառավարությունը նախորդի շարունակությունն է հանդիսանում, իսկ Հայաստանը ոչ թե կադրերի փոխատեղման, այլ` համակարգային փոփոխությունների կարիք ունի:

«Եթե նորանշանակ կառավարությունը հայտարարում է, որ ապագայում երկրի տնտեսական վիճակի բարելավում է լինելու, ապա դա նշանակում է, որ մենաշնորհներ, կոռուպցիա չպետք է լինի, եւ որ ամենակարեւորն է` երկրում մրցունակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները պետք է ստեղծվեն: Բայց թվարկված անհրաժեշտությունները կառավարության ծրագրում չեն հիշատակվում: Կարծում եմ` այն ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում», - հայտարարել է ՀԱԿ պատգամավորը:

Համեմատելով Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ծրագրերը, տնտեսագետը նշել է, որ տարբերությունը մեծ է այն առումով, որ 2008թ. ներկայացված ծրագիրը գոնե որոշ թվեր էր ներառում: