«Իմ ու պարոն Թովմասյանի միջեւ անձնական խնդիր չի եղել, անձնական կամ անձնավորված միջադեպ էլ չի եղել: Ուրիշ բան, որ հետո, ցավոք, ով ոնց ուզել մեկնաբանել է»: Այդ մասին Yerkir.am-ի թղթակցին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Կայքը Ռուստամյանից փորձել է պարզել, թե ինչպե՞ս է պատկերացնում իր եւ ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանի համատեղ աշխատանքը մեկ շենքում՝ հաշվի առնելով հայտնի իրադարձությունը:   «Ենթադրում եմ՝ «հայտնի իրադարձություններ» ասելով` Դուք ինչ նկատի ունեք: Իմ ու պարոն Թովմասյանի միջեւ անձնական խնդիր չի եղել, անձնական կամ անձնավորված միջադեպ էլ չի եղել: Ուրիշ բան, որ հետո, ցավոք, ով ոնց ուզել մեկնաբանել է: Դա իրականության խեղաթյուրում է` ես Հրայր Թովմասյանի անձին հասցեագրված ոչինչ չեմ ասել, հետեւաբար, նրան վիրավորելու ցանկություն չէի կարող ունենալ: Ավելին ասեմ` վերջերս ես ու պարոն Թովմասյանը հանդիպել ենք ու մանրամասն զրուցել այս ամենի մասին: Կարծում եմ՝ հարցն այլեւս գոյություն չունի, այն փակված է»,- ասել է Արմեն Ռուստամյանը:  

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի նշանակմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ նրան շատ վաղուց գիտի, եւ նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային հատկանիշները թույլ են տալիս ցանկացած նման պաշտոն զբաղեցնել:  

Նշենք, որ այսօր արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում