Այսօր` մայիսի 26-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին 5,5 տարվա ազատազրկման է դատապարտել:
Նույն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըն եւս 3,5 տեւողությամբ բանտային պատիժ կկրի: Պայմանականորեն` 2 տարվա փորձաշրջանով նույն պատժաչափն է ստացել նաեւ «Կամավորների միջազգային համագործակցություն» հասարակական միավորման ղեկավար Էլնուր Մամեդովը:
Հիշյալ ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով գույքի յուրացման եւ կեղծարարության մեջ, հաղորդում է contact.az կայքը:
Հիշեցնենք` համապատասխան քրեական գործը դեռեւս 2013թ. հոկտեմբեր ամսին է հարուցվել: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել, իսկ մյուս երկուսը քաղաքը չլքելու ստորագրությամբ բաց էին թողնվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբեր ամսին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Նշենք, որ Amnesty International-ը Մամեդլիի «խղճի բանտարկյալ» է ճանաչել:





























