Գյումրիում Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատական հերթական նիստին մայիսի 26-ին կրկին դատարանուն հարցաքննվեց դատաբժիշկ Լիպարտ Ղուկասյանը:

Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը, որը փորձում է ապացուցել, որ Շեկոն առաջինն է կրակել, իսկ Վահե Ղուկասյանն ընդամենը պաշտպանվելու համար է զենքն օգտագործել, հետաքրքրվեց, թե արդյոք Արտյոմ Կարապետյանը վիրավոր լինելով կարող էր զենք օգտագործել՝ կրակել ու այլ գործողություններ կատարել:

Դատաբժիշկը Լիպարիտ Ղուկասյանը կրկնեց նախորդ նիստին ասածը. Արտյոմ Կարապետյանը կարող էր որոշ գործողություններ կատարել:

«Դա կախված է օրգանիզմի առանձնահատկություններից, հոգեկան վիճակից, իհարկե, բացառել չի կարելի, որ կարող էր կրակել, հնարավոր է՝ ցավային սինդրոմը այնպիսին լիներ, որ թույլ չտար իրեն կրակոցներ արձակել, բայց նա գլխի վնասվածք չուներ»,- ասաց դատաբժիշկը։

Նշենք, որ իրենց նախաքննական ցուցմունքներում դեպքին ականատես վկաները ասել էին, թե առաջինը կրակել է Վահե Ղուկասյանը։ Իսկ արդեն դատարանում նրանք փոխել էին ցուցմունքները եւ ասել, որ առաջինը կրակել է Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն։

Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան  Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դեպքի օրը վիրավորված քավոր Հարութի(ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեխաների կնքահայր Հարություն Խաչատրյանի ) մարմնից հայտնաբերվել է եղել ոչ թե գնդակ, այլ գնդակի բեկոր եւ երկու միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ դատարանում հետազոտել իրեղեն ապացույցները` առգրավված գնադկը, ատրճանակն ու պարկուճը, եւ որպես վկա դատարան հրավիրել դատաձգաբանական փորձագետ Ա.Ասլանյանին, նաեւ դատաբժշկական և դատահետքաբանական փորձագետներին:

Հայկ Ալումյանի երրորդ միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրել Վահե Ղուկասյանի ծանոթ Շավարշ Գյունաշյանին, որի հետ դեպքի օրը Վահեն բջջայինով խոսել էր, դատարանը մերժեց։ Փաստաբանն ուզում էր դատարանին  ապացուցել, որ Վահեն ոչ մեկին հետապնդելու  միտում չի ունեցել: Դատարանի որոշումը բարկացրեց ամբաստանյալին, որը տեղից միջամտեց, թե ինքը ոչ միայն հեռախոսով է խոսել ընկերոջ հետ, այլեւ հանդիպելէ նրան:

Դատը հետաձգվեց մինչեւ հունիսի 6-ը՝ դատաբժշկական և դատահետքաբանական փորձագետների ներկայությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինը իր վրա են կրակել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։