Արման Գիվարգիզովը անչափահասներին դրդել է մուրացկանությամբ զբաղվել՝ խոստանալով, որ կօգնի դերասան դառնալ եւ ֆիլմերում նկարահանվել, կտանի Ռոստով, կապահովի բարեկեցիկ կյանքով: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոն Նորք –Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց վկա, Արմանի ընկեր Ալբերտ Հովհաննիսյանը, որը հարցաքննության ժամանակ իրարամերժ պատասխաններ էր տալիս:
Նշենք, որ 22-ամյա Արման Գիվարգիզովը մեղադրվում է անչափահասներ Արարատ Կիրակոսյանին, Միսակ Բասեյանին և Վռամ Ղազարյանին` 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրելու եւ շահագործելու մեջ:
Վկա Արբերտ Հովհաննիսյանը սկզբում իր ցուցմունքում նշեց, որ Արմանը անչափահասներին չի ստիպել մուրացկանություն անել.
«Արմանն իրանց մուրացկանություն անելու չի ուղարկել, միայն ասել ա՝ փող ա պետք, կարա՞ք ճարեք, իրանք էլ ասել են՝ հա: Իրանք իրանց կամքով են գնացել: Ես էլ Արմանի հետ ծանոթացել եմ ինտերնետ ակումբ, ասեց քասթինգ ակումբ ունի: Գիտեի պետք ա գնանք դերասանություն անենք կինոներում: Էդ երեխեքին էլ ասում էր` կտանեմ Ռոստով, մեկին էլ ասում էր՝ կտանեմ պապայիդ հետ կծանոթացնեմ»:
Դատախազի բազմաթիվ հարցրերից հետ միայն Ալբերտը հիշեց մի դեպք, երբ կռվել է Արմանի հետ, երբ իմանալով, որ երեխաներին դրդում է գումար մուրալու:
«Մի անգամ մենակ կատակով ա ասել, թե եկեք գնանք բոլորով փող հավաքենք, բայց ծիծաղելով ա ասել: Հետո տեսա լուրջ-լուրջ էր խոսում, երկու երեխու ասում էր, որ գնան փող հավաքեն , դրա համա էլ հետը կռվեցին: Շատեմ տեսել, որ փող են տվել Արմանին 1000-ից մինչեւ 10.000 դրամ օրական, բայց ինքը չգիտեր, որ մուրացկանություն են անում ու էդ ձեւով գումարը բերում: Ինքը ուղղակի ասում էր՝ փող ա պետք: Բայց ես միշտ իրանց հետ չեմ եղել, չգիտեմ՝ գիտեր, թե չգիտեր Արմանը»,- պատմեց վկան:
Արման Գիվարգիզովը հարցաքննության ժամանակ չընդունեց իրենց առաջադրված մեղադրանքը եւ ասաց, որ ինքը միայն ցանկացել է օգնել անչափահասներին.
«Իրանք փող հավաքելուց ենք եղել մինչեւ իմ հետ ծանոթանալը, ես Պրոսպեկտի վրա տուն ունեի վարձակալած, թողում էի գան քնեն իմ տանը, հետո առավոտ գնան: Իրանց բոլորի համար հեռախոս էլ եմ առել, քարտ էլ, շորեր էլ: Մենակ տանը 120.000 դրամ վարձ եմ տվել, իմ ծնողներն էին ինձ փող ուղարկում արտասահմանից, ինձ իրանց փողը պետք չէր: Իրանց ծնողները իմ վարձակալած տուն էլ են եկել, բայց չեն տարել իրանց երեխեքին: Ուղղակի ցուրտ էր դուրսը, ես իրանց ասել եմ, ոնց կարում եք ապրեք, բայց չեմ ստիպել մուրացիկություն անեն»:
Դատավոր Մեսրոպ Մակյանի այն դիտարկմանը, որ տուժող Վռամ Ղազարյանը իր ցուցմունքում նշել է, որ իրենք ինչքան շատ գումար տային Արմանին այնքան շատ հաց կտար իրենց, Արմանը պատասխանեց.« Իրանք ինձ գումար չեն տվել, մենակ մի անգամ 3000 դրամ, մի անգամ էլ 8000 դրամ ա տվել ինձ Արարատը: Էդ էլ մի տված պարտքն ա հետ տվել»:
Դատավորի այն հարցին, թե մեղադրյալին «ինչո՞ւ էր որոշել իր վրա վերցնել բոլորի հոգսերը եւ տանը անօթեւանների պահել», Արմանը պատասխանեց . «Մտադրություն ունեի բարեգործական մի բան հիմնել, բայց չհասցրեցիի տարան բանտ, ոստիկանները խանգարեցին»
Հարցաքննության ավարտին մեղադրյալն ասաց՝« Ես գիտեմ, որ դատվելու եմ ուղղակի իմացեք, որ ես ոչ մի բան չեմ արել»:
Նշենք, որ Արման Գիվարգիզովին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի («Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը») 2-րդ մասի 1-ին կետի:
Դատական քննություն ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 31-ին:





























